ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի կիրարկումը կնպաստի առևտրի համար փոխշահավետ պայմանների ձևավորմանը․ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի պատեհաժամ կիրարկումը կնպաստի առևտրի համար բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման մակարդակի և Միության անդամ պետությունների՝ միջազգային շուկայում մրցունակության բարձրացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու նպատակով։ Հանձնաժողովի և Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կատարած մեծ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր ձևաչափի ստեղծման համար նորմատիվ իրավական դաշտի մշակման հարցում»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա խթանել Միության անդամ երկրների տնտեսությունների առանձին վերցրած հատվածներ։
«Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում դրանց համաչափ զարգացումը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների այլ ոլորտներում լճացում կամ ակտիվության նվազում ենթադրող ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Ուստի նախագծերի ընտրության փուլում կարևոր է մշակել այդ ռիսկերը վերացնող մեխանիզմներ, ինչը կտա մեզ երկարաժամկետ հեռանկար նման նախագծերի համար»,- հավելել է ՀՀ վարչապետը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև համագործակցության կարևոր ասպեկտներից է պարենային անվտանգությունը, որն ուղղված է բնակչության համար սննդամթերքի մատչելիության և որակի ապահովմանը, ինչպես նաև շուկան ցածրորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանմանը։ Այսօր կտրուկ աճել է պարենային անվտանգության ապահովման կոլեկտիվ համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը։ Փաշինյանն ակնհայտ է համարում այս ուղղությամբ ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ «Ուրախացնող է, որ, օգտագործելով փոխգործակցության տարբեր ձևաչափեր, 2022 թ-ին մենք համակարգված աշխատանք ենք կատարել Միությունից դուրս փոխշահավետ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ, ինչի մասին է վկայում ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների և միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների վերաբերյալ զեկույցներում ներկայացված տեղեկատվությունը»,- նշեց նա։
Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան՝ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա իրականացումը Միության անդամ երկրների համար առաջնահերթություն են երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում։
«Աշխատանքի շարունակությունը այնպիսի առաջնահերթ և հեռանկարային բանակցային ոլորտներում, ինչպիսիք են Հնդկաստանը և Եգիպտոսը, ինչպես նաև տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության խորացումը Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ լրացուցիչ խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրման գործընթացի համար։ Չնայած ձեռք բերված արդյունքներին, ելնելով ներկա իրողություններից, անհրաժեշտ է գործառնականորեն ստեղծել երրորդ երկրների գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ, ինչը հետևողականորեն կհանգեցնի մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանը»,- շեշտել է վարչապետը։
Նա ակնհայտ է համարում, որ միասնական տնտեսական տարածքի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետ պլանավորումը ենթադրում է բաց երկխոսություն ձեռնարկատերերի և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև։ Այս համատեքստում նա առանձնապես նշել է Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը և շնորհակալություն հայտնել ռուսական կողմին լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու և ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության արդիական ոլորտները առավելագույնս ընդգրկող քննարկման թեմաներ մշակելու ուղղությամբ ջանքերի համար։
Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելուն ուղղված համատեղ նախագծերի հետևողական իրականացմանը։
Կարծիքներ