ԵՄ-ն պատրաստ է խոսքից անցնել գործի՝ ի պատասխան Վրաստանի իրադարձությունների. Հերչինսկի

ԵՄ-ն պատրաստ է խոսքից անցնել գործի՝ ի պատասխան Վրաստանի իրադարձությունների. Հերչինսկի

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է ԵՄ կառույցների նոր ղեկավարների՝ «խոսքից գործի անցնելու» վճռականության մասին։ Նրա խոսքով՝ Վրաստանում տիրող իրավիճակը կքննարկվի դեկտեմբերի 16-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, ապա՝ ԵՄ խորհրդի նիստում։

Դեսպանը պարզաբանել է, որ Բրյուսելում բանակցություններն ընթանում են Վրաստանի վերաբերյալ տարբեր միջոցառումների համաձայնեցման շուրջ:

«Հուսով եմ, որ 27 անդամ երկրները կպայմանավորվեն որոշակի միջոցների հարցում։ Կքննարկվեն բոլոր տարբերակները, ներառյալ կոնկրետ անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը և, ամենակարևորը, պատժամիջոցները»,- հայտարարել Է դիվանագետը։

Միևնույն ժամանակ, ըստ Հերչինսկու, իրենք «չեն ցանկանում վնաս պատճառել կամ պատժել վրաց ժողովրդին»։ «Այդ մարդիկ ամեն երեկո դուրս են գալիս փողոց և ծածանում Վրաստանի ու Եվրամիության դրոշները։ Մեր նպատակը նրանց պատժելը չէ, մեր նպատակն է հզոր ազդակ հաղորդել իշխանություններին, որ անընդունելի են և՛ այն ճանապարհը, որը նրանք ընտրել են վերջին ամիսներին, և՛ հատկապես վերջին օրերին ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքը»,- ընդգծել է ԵՄ դեսպանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում