Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Սոֆիայում

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Սոֆիայում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամները շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2023 թվականի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երկու մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 166 և 169 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում ձևում Հովհաննիսյանը բարձրացրեց 200 և 205 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով նա Եվրոպայի փոխչեմպիոն է:

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչ` Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 161 և 166 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 200 կգ, 205 և 209 կգ: Այս ձևում նա դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն  դարձավ:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում