Կապանում, Վայքում և Սևանում բացվել են «Թումո-տուփեր»
Հայաստանում և Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված «Թումո Հայաստան» նախաձեռնությունն այլևս գործարկման փուլում է: Նախաձեռնությանը միացած բարերարների նվիրատվությունների շնորհիվ Հայաստանի 3 քաղաքներում՝ Կապանում, Վայքում և Սևանում, այսօր տեղի է ունեցել «Թումո-տուփերի» բացման արարողություն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Սևան քաղաքում կենտրոնի պաշտոնական բացմանը: Տուփը բացվել է Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի հարևանությամբ: Գեղարքունիքի մարզում առաջին տուփը բացվել էր գրեթե մեկ տարի առաջ Գավառ քաղաքում. սա թվով 2-րդ տուփն է մարզում:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունելի է համարել տարբեր մարզերում 3 «Թումո-տուփերի» միաժամանակյա բացումը և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում զգալի կլինի կենտրոնների ազդեցությունը կրթական համակարգի բարելավման վրա։
«Շատ եմ կարևորում տուփի բացումը հենց դպրոցի հարևանությամբ։ Դա նշանակում է՝ շատ ջանք պետք է գործադրենք դպրոցը և Թումոյի ծրագրերը համապատասխանեցնելու համար՝ դրանք օգտագործելու որպես ռեսուրս, միջավայր: Վստահ եմ՝ շուտով համագործակցելու լրացուցիչ ձևեր էլ կգտնենք՝ արդյունավետ օգտագործելու ստեղծված հնարավորությունները և ռեսուրսներն ու միջավայրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին և բարերարներին:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ևս ողջունել է նախաձեռնությունը և որպես համայնքի ղեկավար՝ պատրաստակամություն հայտնել աջակցելու Սևան համայնքում իրականացվող նմանատիպ ծրագրերին:
Սևանի «Թումո-տուփին» արդեն իսկ հերթագրվել է 300 ուսանող. նրանցից ոմանք եկել էին՝ ծանոթանալու կենտրոնին: Մարզիչ-ուսանողները ներկայացրել են «Թումո» կենտրոնի իրենց փորձառությունը, կատարած աշխատանքները, նկարչության, ծրագրավորման, երաժշտության և այլ ոլորտների նախագծերը: Փորձառու թումոցիները սևանցի պատանիներին չվախենալու և Թումոյի կրթական ծրագրերից հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու խորհուրդ են տվել:
Կապանի «Թումո-տուփը» բացվել է Լարա Արսլանեանի, Կարապետ Պարտագճեանի, Սարին Սեմերճեանի և անանուն բարերարների, Վայքինը՝ Արմինե և Արա Թավիթեանների, իսկ Սևանինը՝ անանուն բարերարների աջակցությամբ:
«Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակը Թումոյի առաջատար կրթությունը Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին հասանելի դարձնելն է: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում՝ 110 «Թումո-տուփ», որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու:
«Թումո» կենտրոններն ունեն կրթական ծրագրի կազմակերպման բոլոր հարմարությունները՝ ինքնուսուցում, դասընթացներ, աշխատարաններ, միջազգային մասնագետների աջակցություն: «Թումո-տուփերը» տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ են, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: «Թումո-տուփերն» ու «Թումո» կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացներին մասնակցելու համար մեկնում են մոտակա «Թումո» կենտրոններ:
Կարծիքներ