Օրենքով ժամանակին մեկ անձին տրված արտոնությունը կվերացվի. խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր:
Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ստացվել, և առաջարկեց երկրորդ ընթերցմամբ ընդունել նախագիծը՝ առանց փոփոխության:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է վերացնել ժամանակին օրենքով մեկ անձին տրված արտոնությունը՝ խոսքը վերաբերում է նրան, որ Մեղրի քաղաքի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող արտոնյալ գոտում առկա է ընդամենը մեկ մաքսային վերահսկողության տարածք: Այն մեքենաները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք են գործում տվյալ գոտի, ազատվում են ճանապարհային հարկից:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկի այս արտոնությունը չի ծառայում իր նպատակին, ավելին՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում: Մի շարք գործարարների պնդմամբ՝ այդ տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ լրացուցիչ մեկ պահեստ կառուցել: Ըստ ՊԵԿ տվյալների՝ այդ պահեստում բեռնաթափվում է ՀՀ մուտք գործող բեռնատարների ընդամենը 10-15 տոկոսը, իսկ մնացյալ շուրջ 85 տոկոս բեռնատարները, շատ դեպքերում տեղափոխելով միևնույն ապրանքները, լրացուցիչ վճարում են 110-ից մինչև 152 հազար ՀՀ դրամ ճանապարհային հարկ, ինչն էլ, բնականաբար, բարձրացնում է ներկվող ապրանքների ինքնարժեքը:
Կարծիքներ