Քաբուլում միայն երեք երկրի դեսպանատուն է մնացել
«Թալիբանի» կողմից Քաբուլի գրավումից հետո Աֆղանստանում գտնվող դիվանագիտական առաքելությունների մեծ մասը հեռացել է այնտեղից, հաղորդում է BBC-ն: Հնդկաստանը դարձել է վերջին երկիրը, որ տարհանել է Քաբուլում իր դեսպանատունը: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Քաբուլում Հնդկաստանի դեսպանը և դեսպասնատան մյուս աշխատակիցները վերադառնում են Հնդկաստան:
Սա նշանակում է, որ այժմ Քաբուլում է մնացել միայն երեք դեսպանատուն՝ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի: Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ միայն մասամբ կտարհանի իր դեսպանատան աշխատակիցներին: Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովն օգոստոսի 17-ին պետք է հանդիպի «Թալիբանի» հետ:
Չինաստանի դեսպանատունը դեռ չի հայտնել իր հետագա պլանների մասին, սակայն Աֆղանստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է ուշադիր լինել անվտանգության հետ կապված իրավիճակին:
Կարծիքներ