Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ «իրենք չեն վախենում ԱՄՆ պատժամիջոցներից»

Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ «իրենք չեն վախենում ԱՄՆ պատժամիջոցներից»

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ Թուրքիան չի վախենում ԱՄՆ-ի պատժամիջոցներից, հայտնում է պետական «Անադոլու» գործակալությունը:

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության նկատմամբ՝ ի պատասխան Անկարայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանական համակարգի ձեռքբերման:

«Յուրաքանչյուր երկիր, որը կանտեսի Թուրքիային, տարածաշրջանային գործողություններում ավելի քիչ տեղ կունենա»,- նշել է Օքթայը խորհրդարանական լսումների ժամանակ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Թուրքիայի դեմ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի համաձայն (CAATSA) սահմանափակումներ կիրառելուց հետո թուրքական չորս քաղաքական կուսակցություններ ստորագրել են Միացյալ Նահանգների որոշումը դատապարտող համատեղ հռչակագիր՝ ասելով, որ պատժամիջոցները դեմ են «ՆԱՏՕ դաշինքի ոգուն»:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) չի ստորագրել հռչակագիրը: Փոխարենը, կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ C-400-ների շուրջ բանավեճը ռազմատենչ շեղում է, և փոխարենը շեշտը պետք է դնել կառավարության սխալ քաղաքականության վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում