Հրապարակվել է երեկ տեղի ունեցած բախման հետևանքով տուժածների թիվը. կեսից ավելին ոստիկաններ են
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմության երեկվա հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն:
Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ:
Կարծիքներ