Երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք. Արայիկ Հարությունյան

Երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով վերջին օրերի ստեղծված վիճակին, հայտարարությունը տեղադրվել է նախագահի ֆեյսբուքյան էջում: Այն ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև: Բայց ինչպես տեսնում ենք, արցախցին ծնկի չի եկել և արժանապատվորեն հաղթահարում է 21-րդ դարին անհամատեղելի ու քաղաքակիրթ մարդու համար գրեթե աներևակայելի մերօրյա գործընթացներն ու դրանցից ծնվող դժվարությունները, տառապանքները, հումանիտար հետևանքները:

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում եմ՝

Արցախի ժողովուրդը տարածաշրջանում խաղաղության, կայունության, ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցն ու ջատագովն է.

Արցախի ժողովուրդը բաց է ցանկացած հարցի, խնդրի քննարկման, ազատ երկխոսության համար, տրամադրված է կառուցելու և ակնկալում է փոխադարձ իրավունքների հարգանքի հիման վրա ձևավորված կառուցողական հարաբերություններ.

Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի, հարկադրանքի, ուժի ցուցադրման ու կիրառման սպառնալիքի գործադրումը և կոչ ենք անում վերջնականապես հրաժարվել արցախյան ազատագրական պայքարի մեկնարկի պատճառ դարձած և Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս հանդիսացող՝ Արցախը հայաթափելու գաղափարից: Միայն այդ դեպքում է խաղաղության հասնելու կամքը լինելու գնահատելի, իսկ խաղաղությունը՝ անկեղծ, իրական ու շոշափելի.

Արցախի ժողովուրդն ընդունել է իր իրավունքների դեմ ուղղված ոտնձգությանը դիմակայելու և մեզ հասցված ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը, որոշման կայացումը կաշկանդող պայմանները.

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը և սփյուռքի մեր այն հայրենակիցներին, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ այս օրերին կատարվող ոճրագործության մասին բարձրաձայնում և իրազեկում են միջազգային հանրությանը, նախաձեռնում իրավական գործընթացներ, պարզապես քաջալերում և գոտեպնդում են արցախցուն.

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին՝ իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար: Օրեր շարունակ խաղաղապահները, առանց տեղացող սադրանքներին, ցուցադրական վիրավորանքներին ու արհամարհական վերաբերմունքին տուրք տալու հաստատակամ ու անսասան կեցվածքով կանգնած են Արցախի ժողովրդի կողքին:

Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն, շարունակելու ենք մեր պայքարը և երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է խնդիրները դիվանագիտորեն և երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք»,-նշվում է հայտարարությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում