Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ բարձրագույն կրթության մասին օրինագծի վերաբերյալ ուսանողների բողոքներին
Ազգային ժողովի ·իտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում, հնարավոր է, հանդիպում կազմակերպի Բարձրագույն կրթության մասին օրինագծի դեմ բողոքող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ:
Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:
«Համապատասխան հանձնաժողովի պատգամավորները կամ որոշակի ֆորմատով հանդիպում կկազմակերպեն, կամ այնտեղ այցելություն կիրականացնեն: Ուսանողների մտահոգությունը լսելի կլինի»,- ասաց Գաբրիելյանը:
Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների այն մտահոգությանը, որ նախագծի ընդունումից հետո, հնարավոր է, թատերական ինստիտուտը միացվի մանկավարժական համալսարանին, պատգամավորը նշեց, որ օրենքի նախագծում բուհերի անուններ նշված չեն:
«Այդ օրենքով չի կարող բուհի անուն նշվել: Այդ օրենքում բուհերի անուններ նշված չեն»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը: Ըստ նախագծի՝ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի միջև, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին: «Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- հայտնել է ԿԳՄՍ նախարարը: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:
Կարծիքներ