Արցախի մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը. Էդուրադ Աղաջանյան
Արցախի մեր գործընկերները լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։
Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի ապրիլի 14-ի հայտարարությանը։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ առաջնահերթ հարցը պետք է դիտարկել արցախահայության իրավունքների և հետո միայն կարգավիճակի տեսանկյունից, պատգամավորը նշեց․
«ՀՀ-ն մշտապես ունեցել է հենց այս դիրքորոշումը։ ՀՀ-ի համար Արցախյան հիմնախնդիրը երբեք չի եղել տարածքային վեճ, այն եղել է արցախցիների՝ իրենց ծննդավայրում ապահով, անվտանգ ապրելու խնդիր։ Ըստ էության մեզ համար կարգավիճակը եղել է միջոց այս իրավունքները իրացնելու համար, այստեղ որևէ նորություն չկա»,- ասաց Աղաջանյանը։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ պարզաբանեց, թե իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ նախ պետք է քննարկվի արցախցիների ազատության, իրավունքների և անվտանգության երաշխիքները, որից էլ կբխի Արցախի կարգավիճակի հարցը:
«Մենք հիմա խոսում ենք արցախցիների իրավունքների, անվտանգության երաշխիքների շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովելու մասին, իսկ կարգավիճակը արդեն իսկ պետք է բխի այդ երաշխիքներից և դրա շուրջ միջազգային կոնսոլիդացիայից: Մենք նախկինում գնացել ենք մի ճանապարհով, որն իրանից ենթադրել է հայտարարել կարգավիճակ ու չքննարկել այս ամենը, որովհետև կարգավիճակն էլ կարմիր թել է եղել միջազգային հանրության համար, միջազգային հանրություն ոչ մի կերպ չի հասկացել այն, ինչ մենք ենք ասում, այսինքն՝ այն կարմիր գիծը, որ մենք քաշել ենք Արցախի կարգավիճակի առումով, միջազգային հանրությունը դա չի հասկացել, հիմա մենք ասում ենք քննարկենք արցախցիների իրավունքները, անվտանգության երաշխիքները, նոր սրանից կբխի կարգավիճակը արցախցիների ազատությունը, իրավունքները և անվտանգության երաշխիքները»,-ասաց Ալեքսանյանը:
Կարծիքներ