Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կիրակի օրվա դրությամբ կազմել է 5,021,469՝ համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների աճը կազմել է 33,5 հազար։
Գերմանիայում կորոնավիրուսի վիճակագրությունը վերջին շաբաթներին աճում է արագացված տեմպերով։ Հիմնական յոթօրյա հիվանդացության ցուցանիշը վերջին 24 ժամում հասել է 289 վարակվածի՝ 100 հազար բնակչի հաշվով, մեկ շաբաթ առաջ՝ 191, իսկ մեկ ամիս առաջ՝ 67։ Իշխանությունները սահմանափակումներ են մտցնում պատվաստումներից հրաժարվողների նկատմամբ։
Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը կոչ է արել հրաժարվել խոշոր տոնակատարություններին մասնակցելուց։ Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեհոֆերը՝ միավորել սահմանափակումները ողջ երկրում։ Գերմանական զինված ուժերը, ըստ Der Spiegel ամսագրի , մինչև տարեվերջ կմոբիլիզացնեն 12000 զինվորականի՝ համաճարակի չորրորդ ալիքի պայմաններում քաղաքացիական օգնություն ցուցաբերելու համար։
Քաղաքական գործիչների առանցքային նպատակը, այսպես կոչված, 2G կանոնի ներդրումն է, ըստ որի միայն պատվաստվածներն ու ապաքինվածները կարող են այցելել թանգարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, լողավազաններ։ Միևնույն ժամանակ, կրտսեր դպրոցականների դիրքը շարունակում է խնդրահարույց մնալ՝ դպրոցները գործում են առանց սահմանափակումների, իսկ Գերմանիայում երեխաների համար հավաստագրված պատվաստանյութեր չկան։
Շաբաթ օրը Kölner Stadt-Anzeiger թերթի տվյալներով ՝ Գերմանիայից 35 բժիշկ և գիտնական բաց նամակ են հղել՝ պահանջելով փոխել COVID-19-ի տարածման դեմ պայքարի իրենց մեթոդները։ «Սպասման յուրաքանչյուր օրը վերածվում է մարդկային զոհերի»,- նշում են հեղինակները։ Նրանք պահանջում են Գերմանիայում ստեղծել մեկ ճգնաժամային շտաբ՝ բժիշկների ներգրավմամբ, որը կհամակարգի համաճարակի դեմ պայքարի միջոցառումները։
Կարծիքներ