Գուտերեշը բավարար չի համարում G7-ի երկրների աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարում
Մեծ յոթնյակի՝ G7-ի երկրները բավարար ջանքեր չեն գործադրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, թեպետ և հայտարարել էին, որ աշխարհը կապահովեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1 մլրդ դեղաչափով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ով հյուրի կարգավիճակով անգլիական Կորնուոլում մասնակցում է G7-ի գագաթնաժողովին:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ պատվաստանյութի դեղաչափերի քանակն ավելին է, քան 1 մլրդը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ են համաձայնեցված ջանքեր և պատվաստման համաշխարհային ծրագիր:
Գուտերեշը հստակեցրել է, որ պատվաստանյութերի մշակմամբ ու արտադրմամբ զբաղվող բոլոր երկրները պետք է հատուկ աշխատանքային խմբեր ստեղծեն, որն էլ կմշակի և կյանքի կկոչի նման ծրագիրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է նաև կորոնավիրուսի պատվաստանյութեր արտադրող ընկերություններին կիսվել դրա համար անհրաժեշտ գիտելիքներով ու տեխնոլոգիաներով: Նրա խոսքով՝ նմանօրինակ քայլեր չձեռնարկելու պարագայում աշխարհի ամենաաղքատ երկրներում վիրուսը կսկսի տարածվել անտառային հրդեհի արագությամբ»:
Կարծիքներ