Սահմանվել են կրեդիտներ, հայտարարագրումն ուղիղ կապ ունի մարդու բարեկեցության բարձրացման հետ. ՊԵԿ նախագահ
Սահմանվել են որոշակի կրեդիտներ, եթե մարդը իր կամ իր ընտանիքի անդամի համար առողջապահական կամ կրթական ծախսեր է կատարում, մինչև 100 հազար դրամի չափով կարող է վերադարձ ունենալ:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով եկամտի համընդհանուր հայտարարագրմանը:
«Օրինակ, եթե աղջիկը կամ տղան բուհում սովորում է, վարձը ինքն է վճարում, համապատասխան հաշիվ է դուրս գրում բուհը իր անունով, որ վճարել է, և այդ հաշվի հիմքով և իր վճարած եկամտային հարկից մնացած գումարների մասով կարող է մինչև 100 հազար դրամի վերադարձ ստանալ: Ինչու եմ ասում եկամտահարկից մնացած գումարներից, որովհետև կարող է հիպոթեկային վարկի տոկոսների տեսքով էլ ստացած լինի»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Ըստ Հակոբյանի, կան նաև ևս մի քանի առավելություններ: Մարդիկ իրենց ամբողջական եկամուտները բացահայտելով ավելի հասանելի են դառնում պետության համար այն տեսանկյունից, որ եթե պետությունը խրախուսող միջոցառումներ է իրականացնում, օրինակ սուբսիդավորում, աջակցության ծրագրեր, նպաստ, իրենք հնարավորություն են ունենում հայտնվել պետուիթյան հոգատարության կենտրոնում:
Նաև մարդիկ կարող են ունենալ սպառման և ներդրումների ավելի մեծ հնարավորություններ:
«Եթե, օրինակ, բանկի համար դու թափանցիկ ես, դա հնարավորություն է տալիս քեզ ավելի շատ վարկ տրամադրել ինչ-որ գործունեության և ավելի բարեկեցիկ դառնալու համար: Էս տեսանկյունից, հայտարարագրումն ուղիղ կապ ունի մարդու բարեկեցության բարձրացման հետ»,- ասել է Էդուարդ Հակոբյանը:
Կարծիքներ