Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի երկու հիմնադրամների նորանշանակ տնօրեններին

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի երկու հիմնադրամների նորանշանակ տնօրեններին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել  հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:

Այս մասին տեղեկցնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արցախի ներդրումային հիմնադրամում, ներկայացնելով գլխավոր տնօրեն Սևակ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանը կարևորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝  ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում  ներդրումային միջավայրի ակտիվացմանը:

Նա նկատել է, որ շրջափակումը նոր իրողություն է ստեղծել, և հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները։ «Վստահ եմ, որ այս դժվարությունները հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ, և հիմնադրամը պետք է դառնա այն կարևոր օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ ու կիրականացնի դրանք։ Պետք է աշխատենք թափանցիկ, բարձր որակով կատարենք մեր աշխատանքը, որպեսզի մարդկանց մոտ և՛ վստահություն լինի, և՛ Արցախում ներդրումներ անելու պատրաստակամություն»,-նշել է պետնախարարը:

Ներկայացնելով Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն  Վալերի  Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից:

Ռուբեն Վարդանյանը առանձնահատուկ կարևորել է շրջափակման պայմաններում  հիմնադրամի  համակարգված և հետևողական աշխատանքը: «Գյուղատնտեսությունը մեզ համար  կարևոր ուղղություններից մեկն է թե՛ անվտանգության, թե՛ զարգացման առումներով։ Մենք պետք է այնպես կազմակերպենք այս ոլորտի աշխատանքը, որ և՛ կարողանանք պահպանել մեր գյուղմթերքի յուրահատուկ  որակն ու մաքրությունը, և՛ նորագույն տեխնոլոգիաներ ներդնենք»,-նշել է պետնախարարը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամների նախկին տնօրեններին՝ հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում