ՊԵԿ նախագահը Գյումրիում էր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նախօրեին եղել է Շիրակի մարզում եւ տեղում ծանոթացել ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների եւ սպասարկման բաժիններում:
ՊԵԿ-ից freenews.am-ին հայտնում են, որ Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարեւորել է ստեղծված իրավիճակում հարկ վճարողներին եւ քաղաքացիներին արագ եւ որակյալ ծառայությունների մատուցումը:
ՊԵԿ նախագահն այցելել է նաեւ Հյուսիսային մաքսատուն-վարչություն: Նա շրջել է աշխատասենյակներով, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքվել մաքսային ձեւակերպումների կազմակերպման գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով:
Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաեւ Բավրայի մաքսակետ-բաժնում: Վարչական շենքում նա ծանոթացել է ծառայության աշխատանքային պայմաններին, քաղաքացիների մուտքի եւ ելքի ընթացակարգի առանձնահատկություններին: Կոմիտեի ղեկավարը հետեւել է մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին: Ձեւակերպումների սրահում տեղում քննարկել են տրանսպորտային միջոցների վերահսկողության արդյունավետության բարձրացման հարցեր: Բավրայի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում: Նա հետաքրքրվել է ռենտգեն զննման՝ «Ռապիսկան» սարքի, բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքների կիրառման արդյունավետությունից:
Իսկ Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաեւ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, հետեւել իրականացվող աշխատանքներին:
Հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների մաքսային հսկողության գործառնություններն ամբողջությամբ նախատեսվում է տեղափոխել հենց այս սպասարկման կենտրոն: Սակայն մինչ Հյուսիսային կենտրոնի ամբողջական շահագործումը՝ գործընթացը կիրականացվի փուլային եղանակով: Առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր:
Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաեւ այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կառույցը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձեւակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները:
Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով իրականացնելու, սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նա վստահեցրել է, որ գործընթացն իր ամենօրյա հսկողության ներքո է, հետեւողական է լինելու առաջադրված խնդիրների լուծմանը:
Նշենք, որ կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով, Հյուսիսային-մաքսատուն վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։
Կարծիքներ