Ճապոնիան 113 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը՝ Վարդաքարի ջրամբարի բարեկարգման համար

Ճապոնիան 113 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը՝ Վարդաքարի ջրամբարի բարեկարգման համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Խաչատրյանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ճապոնական բեղմնավոր համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը։ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրի շրջանակում իրականացվող «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրը»։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի գյուղացիների կյանքի որակի բարձրացմանը և գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը։ Ծրագիրը իրականացնելու համար «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը կտրամադրվի մոտ 113 հազար ԱՄՆ դոլար գումար, որը կուղղվի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման և արևային կայանների տեղադրման աշխատանքների իրականացմանը։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկած Խաչատուր Խաչատրյանը նշել է․ «Հատկանշական է, որ «ծագող արևի երկիր» Ճապոնիան հնարավորություն է ստեղծում օգտվել արևի էներգիայից»։

Հանդիպման ավարտին Խաչատուր Խաչատրյանը և Մասանորի Ֆուկուշիման ստորագրել են «Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման դրամաշնորհային» ծրագիրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում