Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին. քննարկվել է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ երկու երկրները շատ մեծ ներուժ ունեն, որի փոքր մասն է իրացվում։ Անհրաժեշտություն կա մի շարք ոլորտներում առկա համագործակցությունը խորացնել։
Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հանդիպման սկզբում շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։
Իրանցի նախարարը կարևորել է հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը խթան կհանդիսանա երկու երկրների միջև առկա առևտրային հարաբերությունները զարգացնելու համար։
Իրանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում ճանապարհների, ջրամբարների կառուցման հարցի շուրջ։ Քննարկվել է նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցը, ինչպես նաև կարևորվել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու հեռանկարները։
Կողմերը քննարկել են նաև տարանցիկ բեռնափոխադրումների ընթացակարգերի պարզեցմանը ուղղվածը հարցեր։
Նախարարը ընդգծել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորությունները և նշել, որ Իրանը կարող է Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Կարծիքներ