Հայաստանի կառավարությունը և ՄԱԱԶԿ-ը 2022-2026 թթ․ «Երկրի ծրագրային փաստաթղթի» ստորագրմամբ ամրապնդեցին իրենց գործընկերությունը
Նոյեմբերի 16-ին, Երևանում, ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։
Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում և համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի համար 2021-2025 թվականների ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը նախորդ տարիներին արդյունավետ է եղել։ Այս համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը երկրին տվեցին բազմաթիվ նոր աշխատատեղեր և օգնեցին հաղթահարել որոշ մարտահրավերներ, որոնց այդ ժամանակահատվածում բախվել էր երկիրը:
Առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Հայաստանի կառավարությունն ընդունել է ներդրումների վրա հիմնված տնտեսության ծրագիր, ինչը նշանակում է, որ մենք պետք է էապես փոխենք տնտեսության արդյունաբերական մասը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում։
Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին և կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման և նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով», - ասել է Վահան Քերոբյանը։
ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն նշել է, որ «ԵԾՓ-ն իր կայուն ներդրումն ունի Կառավարության նախաձեռնություններում՝ ուղղված կայուն տնտեսական վերափոխմանը, արդյունաբերության դիվերսիֆիկացմանը և թվայնացմանը՝ հիմնված նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա»: Նա նաև ավելացրել է, որ «Ռեսուրսների մոբիլիզացիայի, իրականացման, մոնիտորինգի, հաղորդակցության և այլ կարևոր գործընթացներում Կառավարության խիստ ղեկավար դերն առանցքային է նախատեսված արդյունքներին հասնելու համար»։
Հնգամյա ծրագիրը սահմանում է ՄԱԱԶԿ-ի և Հայաստանի միջև ընդլայնված համագործակցության ամբողջական ռազմավարությունը: ԵԾՓ-ի հիմքում հետևյալ երեք թեմատիկ բաղադրիչներն են. արդյունաբերական մրցունակություն և շուկաների հասանելիություն նորարարության և թվայնացման միջոցով, կայուն ագրոբիզնես և աջակցություն ՓՄՁ-ներին, էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա և շրջակա միջավայրի կայուն կառավարում։
ՀՀ կառավարությունը և ՄԱԱԶԿ-ը կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացման տարբեր ոլորտներում տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով քսան տարվա արդյունավետ համագործակցության փորձ ունեն։
Երկու կողմերի համատեղ ձեռքբերումների շարքում են.
ագրովերամշակման արժեշղթաների ամրապնդման միջոցով ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ Հայաստանի վեց մարզում 53 գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, շահառուների թիվը՝ ավելի քան 700,
կարողությունների զարգացման միջոցով կանանց շրջանում ձետնարկատիրության խթանումը։ Կարիքների վրա հիմնված, մասնագիտական և նորարարական գործիքների միջոցով ՄԱԱԶԿ-ն գյուղական և քաղաքային վայրերի ավելի քան 1000 բնակչի համար զբաղվածության հնարավորություններ է ստեղծել,
Հայաստանին շրջանաձև և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված ջանքերում, ՄԱԱԶԿ-ն աջակցել է վերականգնվող էներգիայի և նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, այդ թվում՝ կենսագազի կայանների ստեղծման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով,
COVID-19 համաճարակի բացասական ազդեցություններին դիմակայելու նպատակով, ՄԱԱԶԿ-ն աջակցել է կարի արտադրությամբ զբաղվող հայկական տեղական ընկերություններին 2,623 հավաքածու անկողնային պարագաներ և 2,000 բժշկական համազգեստ արտադրելու հարցում։
ԵԾՓ-ն Հայաստանի կառավարության և ՄԱԱԶԿ-ի միջև երկկողմ համագործակցության ևս մեկ կարևոր իրադարձություն է: Հետագա մասշտաբային և ինտեգրման աշխատանքները կնպաստեն երկրի Կայուն զարգացման 9-րդ նպատակին հասնելու ճանապարհին շոշափելի արդյունքներ ունենալու համար։
ԵԾՓ արդյունավետորեն կառավարելու համար ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից և այլ գործընկերներից կստեղծվի Ազգային համակարգող մարմին, որը պատասխանատու կլինի տեղում ղեկավարումը և քաղաքականության մասին որոշումները գործողությունների վերածելու և այլ համատեղ նախաձեռնությունների համար։
Միջոցառմանը մասնակցել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ՀՀ Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում և Վիեննայում ՄԱԿԱԶԿ-ի աշխատակիցներ։
Կարծիքներ