Հուսով ենք՝ միջազգային հանրությունը կձեռնարկի կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ․ ԱՀ ԱԳՆ

Հուսով ենք՝ միջազգային հանրությունը կձեռնարկի կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և ողջունել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։

Հայտարարության մեջ ասված է․

«Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ:

Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն այդ երկրի քաղաքականության նկատմամբ արտահայտվեց ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթներում։

Արցախի ժողովուրդն առերեսվում է մարդասիրական աղետի, ինչը չի կարող և չպետք է անտեսվի։ Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կձեռնարկի նաև կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։

Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստեղծել նախադրյալներ տևական խաղաղության համար»։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել էր ստեղծված իրավիճակն ու շեշտել, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։

Ի պատասխան Մարգարյանի հիմնավորված պնդումների՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, թե Լաչինի միջանցքն «ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է»:

Նշենք, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում