Սննդամթերքի լավագույն տեսակները խցանված զարկերակները մաքրելու համար

Սննդամթերքի լավագույն տեսակները խցանված զարկերակները մաքրելու համար

Զարկերակների մաքրությանն ուշադրություն դարձնելը շատ կարևոր է, քանի որ արյունատար այս անոթների աղտոտվածությունն ու խցանումները կարող են շատ վտանգավոր լինել՝ բարձրացնելով սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակների հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հետևել անոթների մաքրությանն ու ճիշտ սնվել՝ բացառելով օրգանիզմն աղտոտող վնասակար մթերքն ու փոխարենը օգտագործելով սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն մաքրել անոթները կուտակված վնասակար տարրերից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անոթները մաքրող սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք հարկավոր է ամենօրյա սննդակարգի մասը դարձնել։

Սխտոր

Սխտորի կանոնավոր գործածությունը կօգնի զգալիորեն նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն ու կբարելավի զարկերակների վիճակը։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորը նաև շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օրական 1-4 պճեղ հում սխտոր ուտել։

Նուռ

Այս միրգը հակաօքսիդանտների (հատկապես` վիտամին C-ի և պոլիֆենոլների) հիանալի աղբյուր է, իսկ այս տարրերն օգնում են խթանել ազոտի օքսիդի արտադրությունը` բարելավելով արյան հոսքն ու պահպանելով անոթների լայնությունը։ Բացի այդ, նուռը նաև նպաստում է զարկերակներում խոլեստերինային վահանիկների զարգացման նվազմանը։

Սաղմոն

Այս ձկնատեսակը հարուստ է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օգնում բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակն ու նվազեցնել արյունատար անոթների բորբոքումներն ու զարկերակներում թրոմբների առաջացումը։ Բացի այդ, սննդակարգում սաղմոնի գործածությունն օգնում է նաև նվազեցնել զարկերակային ճնշումը։

Քրքում

Քրքումի ակտիվ բաղադրիչը` քրքումինը կարող է օգնել նվազեցնել զարկերակներում խոլեստերինային վահանիկների քանակությունն ու բորբոքումների մակարդակը, ինչպես նաև կարող է կանխել զարկերակների կարծրացումը։ Բացի այդ, քրքումը պարունակում է վիտամին B6, որն օգնում է կարգավորել վահանիկների արտադրությունը խթանող ու անոթները վնասող հոմոցիստեինի մակարդակը։ Ավելին` քրքումը նաև նվազեցնում է խոլեստերինի թթվայնացումն ու ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը։ Զարկերակների առողջության պահպանման համար կարելի է պարզապես օրական մի բաժակ քրքումով կաթ խմել։

Ձիթայուղ

Ձիթապտղի յուղը պարունակում է պոլիֆենոլներ ու մոնաչհագեցած ճարպեր, որոնք հակաօքսիդանտներ են ու օգնում են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով «լավ» խոլեստերինի մակադրակը։ Սա էլ իր հերթին նվազեցնում է զարկերակներում վտանգավոր խոլեստերինային վահանիկների առաջացման հավանականությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում