ՀՀ պետական դրոշի գործածման տարածքներն ընդլայնվում են
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Առաջին ընթերցումից հետո կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որից հետո օրենսդրական փաթեթը լրամշակվել է:
«Նախադպրոցական և հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այն գիտական, մշակութային, մարզական հաստատությունների վրա, որոնց հիմնադիրը պետությունն է, այսուհետ պետք է լինի ՀՀ դրոշը»,- ասաց Վարդանյանը:
Պատգամավորը նշեց նաև, որ ՀՀ դրոշը Հանրապետության և Անկախության տոներին պետք է տեղադրվի ՀՀ բնակավայրերի, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի և շինությունների վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:
Օրինագծի հիմնական նպատակն ամենատարածված պետական խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:
Կարծիքներ