Գյումրեցի Գրետա Վարդանյանը պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկության չեմպիոն․ մարզուհին 2 ոսկե մեդալ է նվաճել

Գյումրեցի Գրետա Վարդանյանը պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկության չեմպիոն․ մարզուհին 2 ոսկե մեդալ է նվաճել

Դեկտեմբերի 15-18-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցող պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հավաքվել են 40 երկրների 243 մարզիկներ, Հայաստանը ներկայացրած գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան) այս մրցաշարի ժամանակ հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում։

Գրետա Վարդանյանը հաջողությամբ կատարել է 3 մոտեցում և հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:

«Սա աննախադեպ հաջողություն է: Շնորհավորում ենք մեր մարզուհուն՝ Գրետային, որի մեծ սպորտ վերադարձը մեկնարկել է հաղթարշավով: Դեպի Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղեր դժվար ճանապարհ կա անցնելու և մեր մարզուհուն հաջողություն ենք մաղթում»,-ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում