Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը տեղի հայերից երեկ ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ

Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը տեղի հայերից երեկ ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլոր հարցումներին:

Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ ըստ անհրաժեշտության, ՀՀ ԱԳՆ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք՝ «Վագներ» ռազմականացված ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին: Նա տեսանյութն էր հրապարակել Դոնի Ռոստով տեղակայված Հարավային ռազմական շրջանի շտաբից և հայտարարությամբ հանդես եկել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ կապված Պրիգոժինի գործողությունների հետ:

ՌԴ նախագահը հանդես էր եկել ուղերձով և տեղեկացրել, որ ռուսական զորքերը ստացել են զինված ապստամբությունը կազմակերպողներին չեզոքացնելու անհրաժեշտ հրամանը:

Հունիսի 23-ին «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը տարբեր հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով Պաշտպանության նախարարին նախագահին խաբելու մեջ, և ասելով, որ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա և գլխավոր շտաբի պետի դեմ։

Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել էր, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել էր ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25.000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»:

ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ նախագահի հետ համաձայնեցված, բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ։

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում