Դրամաշորթության նպատակ է հետապնդում. Տարոն Չախոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի անունից տարածվող տեսանյութին

Դրամաշորթության նպատակ է հետապնդում. Տարոն Չախոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի անունից տարածվող տեսանյութին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արձագանքել է սոցիալական ցանցերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տարածվող կեղծ տեսագրությանը, որտեղ կրկնօրինակած է վարչապետի ձայնը:

Չախոյանը նկատել է, որ համացանցում հայտնվել է կեղծ տեսագրություն, որտեղ իբրև թե վարչապետ Փաշինյանը հայտնում է Մարկ Ցուկերբերգի հետ հիմնած ներդրումային ֆոնդի մասին և կոչ անում քաղաքացիներին գրանցվել ինչ-որ կայքում՝ խոստանալով օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ։

«Վարչապետի մասնակցությամբ տարածված՝ օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ ունենալու մասին տեսանյութը կեղծ է, դրամաշորթման նպատակ է հետապնդում»,- գրել է նա:

Կառավարության անդամը կոչ է արել զերծ մնալ նմանօրինակ՝ ոչ պաշտոնական տեսագրություններից, որպեսզի չդառնալ համացանցային դրամաշորթության զոհ։

Տարոն Չախոյանը գրառմանը կից հրապարակել է տեսանյութի տեսապատճենը:

Տարածվող տեսագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ես ուզում եմ կիսվել կարևոր նորությամբ, որն անկասկած հետաքրքիր կլինի ձեզանից յուրաքանչյուրին: Մենք հայտնի նորարար և «Ֆեյսբուք»-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի հետ միավորել ենք մեր ջանքերը՝ բացելով մուտքը բացառիկ ներդրումային պլատֆորմի՝ «Լիբրա»-ի համար, որը ձեզ բացառիկ հնարավորություն է տալիս վաստակել 100 հազար դրամից սկսած՝ ամեն օր: Դուք կվաստակեք անգամ, երբ ուղղակի օգտագործեք «Ֆեյսբուք»-ը: Սա ոչ միայն նոր ներդրումային հնարավորություն է, այլ քայլ դեպի ապագա: Ծրագիրը միանում է մեկ կոճակի սեղմումով և հասանելի է յուրաքանչյուրին, ով կանցնի նույնականացում կայքում: Այնպես որ, կարևոր չէ՝ դուք 18, թե 80 տարեկան եք, դուք հեշտությամբ գլուխ կհանեք և կբացահայտեք ձեզ համար պասիվ, բայց միաժամանակ օրինական եկամտի աղբյուր: Դրա համար պարզապես այցելեք մեր պաշտոնական կայք այս տեսանյութի ներքևում տեղադրված հղումով և գրանցվեք»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում