ՆԳՆ ոստիկանության պետն ու զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

ՆԳՆ ոստիկանության պետն ու զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը հոկտեմբերի 18-ին այցելել են Սյունիքի մարզ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Նրանք եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։ 

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։    

Այցի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որին ներկա էր նաև օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը:
Քննարկվել են անցած 9 ամիսների ընթացքում մարզում օպերատիվ գործունեության, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։   

Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ։
Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության պետն անդրադարձել է առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում