ՆԱՏՕ-ի միջամտությունը երկար ժամանակով կհետաձգի իրավիճակի կարգավորումը Հարավային Կովկասում․ Զախարովա
Ռուսաստանը վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտությունը երկար ժամանակով կհետաձգի Հարավային Կովկասում իրադրության կարգավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Պենտագոնի հետ հայ պաշտոնյաների շփումներին, ապա մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Թուրքիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ դաշինքի ներգրավվածությունը տարածաշրջանի գործերին կհանգեցնի ապակայունացման և երկար ժամանակով կհետաձգի լիարժեք, ամբողջական ձևաչափով, բովանդակալից խաղաղ կարգավորումը», - ասել է նա։
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությունը պայմանավորված է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատմամբ և որևէ ներդրում չի ունեցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ տարածաշրջանում ապաէսկալացման համար գլխավոր մեխանիզմներից մեկը պետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, որի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։
«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու կողմերին», - հավելել է Զախարովան։
Կարծիքներ