Ավարտվել է հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների առաջին փուլը

Ավարտվել է հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների առաջին փուլը

Հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների առաջին փուլն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:

Այսօր մասնակիցները, որոնք 3 ամիս սովորել կամ բարելավել էին մայրենին, ստացել են հավաստագրեր: Նրանք այժմ կարող են հաղորդակցվել, կարդալ և գրել հայերենով, ինչը կդյուրացնի նրանց ինտեգրման և աշխատանք գտնելու գործընթացը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Մեր գրասենյակի «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն» ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց հայրենադարձներին դասընթացներին ակտիվ մասնակցելու, ինչպես նաև «Big Mind» կրթական կենտրոնի տնօրինությանն ու ուսուցիչներին դասավադման նոր մեթոդների և փոխանցած գիտելիքների համար:

Դասընթացների մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները, հանդես եկան առաջարկներով, կարևորեցին նաև, որ այս ամիսների ընթացքում ձեռք բերեցին նոր ծանոթություններ և ընկերներ:

Դասընթացների 2-րդ փուլին դիմել են ևս 300 հայրենադարձներ 20 երկրներից: Նրանցից 80-ը դասընթացները կսկսեն հուլիսի 6-ից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում