Տուգանվել է էներգետիկ ընկերության գլխավոր ճարտարագետը՝ օրենքի խախտմամբ էներգատեղակայանք գործարկելու համար
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղում։ Տեսչական մարմնի մասնագետները պարզել են, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող «Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանը սնող «ՀԷՑ» ՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող («Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանին կից) «Մուսալեռ» մասնաճյուղին պատկանող 10կվ լարման օդային գծին հավաքակցված է 10 կվ լարման բջիջ՝ առանց էներգետիկայի և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնից՝ ՔՏՀԱՏՄ-ից ստացված գործարկման եզրակացության։
Այս մասին հայտնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
Այսինքն՝ խախտվել է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, ըստ որի էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև տեսչական մարմնից գործարկման եզրակացություն ստանալը: Վերոնշյալ իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն: Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ հիմնավորվել է վարչական վարույթում առկա նյութերով նշված իրավախախտման փաստը: Ուստի, ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 104-րդ, 232 1 -րդ հոդվածներով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ««ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի գլխավոր ճարտարագետ Վ․ Թ․-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Կարծիքներ