Կրակոցներ հանրային սննդի օբյեկտում. նախկինում կատարված դեպքը բացահայտվել է

Կրակոցներ հանրային սննդի օբյեկտում. նախկինում կատարված դեպքը բացահայտվել է

Մարտի 15-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած վերք՝ հարցականով և հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է՝ նա վնասվածքները ստացել էր Երևան-Սևան ճանապարհի հանրային սննդի օբյեկտներից մեկում:

Մարտի 16-ին՝ ժամը 00:40-ին, հիվանդանոցից նոր ահազանգ էր ստացվել. «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքները ստացել էր նույն վայրում:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին հանրային սննդի օբյեկտի խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը դեռևս չպարզված ատրճանակով կրակոցներ էր արձակել հիվանդանոց բուժօգնության դիմածների ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:

Բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը մարտի 30-ին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:

Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում