Երկու իրանցի եվրոպական երկրներ տեղափոխելու պատրվակով խաբեությամբ ՀՀ են տեղափոխել ԻԻՀ 50 քաղաքացու

Երկու իրանցի եվրոպական երկրներ տեղափոխելու պատրվակով խաբեությամբ ՀՀ են տեղափոխել ԻԻՀ 50 քաղաքացու

Իրանի երկու քաղաքացի, եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով, խաբեությամբ հավաքագրել և Իրանից Հայաստան են տեղափոխել Իրանի շուրջ 50 քաղաքացու։ Այս մասին տեղեկություններ են ստացվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության  մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրանց դիմավորել են հանցավոր խմբի մյուս անդամները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են։ Վերջիններս այդ անձանց վստահություն ներշնչելու համար ներկայացել են իրավապահ և դիվանագիտական ոլորտների աշխատակիցներ։ Նրանք Հայաստան տեղափոխված անձանց նպատակակետ երկրներ ուղարկելու համար պահանջել և ստացել են, նախնական տվյալներով՝ շուրջ 300 հազար դոլար։ Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ: Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և մինչև օրս տարբեր պատրվակներով հետաձգում են մեկնելու գործընթացը:
ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Իրանի քաղաքացիներից մի քանիսի ինքնությունը։ Նրանք հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին ու հաղորդումներ տվել:

Հայտնաբերվել են նաև հանցավոր խմբի անդամները, որոնք ձերբակալվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է վերցված անձնագրերի մի մասը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում