Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Հնդկաստան այցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է հունվարի վերջին նախատեսված Հնդկաստան այցը՝ պայմանավորված թագավորությունում կորոնավիրուսի դեմ պայքարի վրա կենտրոնանալու անհրաժեշտությամբ: Այս մասին նշված է երեքշաբթի բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որ կատարվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր առավոտյան վարչապետ (Ջոնսոնը) վարչապետ Մոդիին ափսոսանքով հայտնել է, որ չի կարողանա այս ամիս Հնդկաստան այցելել, ինչպես նախապես ծրագրվել էր: Երկուշաբթի երեկոյան մտցված ազգային կարանտինի պատճառով եւ հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տարատեսակի տարածման արագությունը՝ վարչապետ (Ջոնսոնը) հայտարարել է, որ իր համար կարեւոր է Մեծ Բրիտանիայում մնալը, որպեսզի կենտրոնանա երկրում վիրուսի դեմ պայքարի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ կայացած զրույցի ընթացքում «առաջնորդներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը փոխադարձ ձգտումը եւ նշել են երկրների միջեւ սերտ համագործակցության կառուցման անհրաժեշտությունը, այդ թվում՝ համավարակի դեմ պայքարի հարցերում»: Վարչապետի գրասենյակից հավելել են, որ «Ջոնսոնը հույս ունի Հնդկաստան այցելել ավելի ուշ՝ 2021 թվականի առաջին կեսին Յոթի խմբի պետությունների գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայում, որին որպես հյուր սպասում են Մոդիին»:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ջոնսոնը Հնդկաստան է գնալու ընթացիկ ամսվա վերջին՝ մասնակցելու հունվարի 26-ին նշվող Հանրապետության օրվա հնդկական ազգային տոնի առիթով հանդիսություններին: Ենթադրվում էր, որ 1947 թվականին Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախություն ձեռք բերելու ժամանակից ի վեր նա կդառնա երկրորդ բրիտանացի վարչապտը (1993 թվականին Ջոն Մեյջորից հետո), որը որպես պատվավոր հյուր կմասնակցի Նյու Դելիում ամենամյա շքերթին:
Կարծիքներ