ՀՀ-ի համար Վրաստանի իրավասու մարմինների հետ սերտ գործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի. Քյարամյան

ՀՀ-ի համար Վրաստանի իրավասու մարմինների հետ սերտ գործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի. Քյարամյան

Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։

Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Սոսո Ռամիշվիլին և Արգիշտի Քյարամյանը ներկայացրել են իրենց ղեկավարած գերատեսչությունների հիմնական գործառույթները և աշխատանքային առանձնահատկությունները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Վրաստանի հետ տնտեսական դինամիկ զարգացող կապերի, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մեծ ծավալների պայմաններում հատկապես մաքսանենգության, տնտեսական բնույթի հանցագործությունների կանխարգելման, բացահայտման առումով Վրաստանի իրավասու մարմինների, այդ թվում և Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հետ սերտ գործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ։

Սոսո Ռամիշվիլին ևս ընդգծել է այդ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ դրա խթանման առումով կարևորելով բարձր մակարդակի նման փոխայցելությունները և պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կառույցների միջև հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները, եղանակներն ու խնդիրները, ինչպես նաև փորձի փոխանակման համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այցի ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նաև այցելել է Թբիլիսիում Հայաստանի դեսպանատուն։ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին՝ հագեցած և արդյունավետ այցը բարձր մակարդակով կազմակերպելու, ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի իրավապահ կառույցների հետ նոր որակի հարաբերությունների ձևավորմանը մեծապես նպաստելու համար։

Արգիշտի Քյարամյանը Աշոտ Սմբատյանին պարգևատրել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում