Խաղաղապահների ուղեկցությամբ հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք
Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախօրեին ապահովել են հերթական ուխտավորների 75-հոգիանոց խմբի այցը դեպի Ամարաս քրիստոնեական վանք:
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Այդ անձինք Ամարաս էին ժամանել Ստեփանակերտ քաղաքից և վանքի հարակից բնակավայրերից:
«Առանց ռուսաստանցի խաղաղապահների մարդիկ կարող են գալ այստեղ, սակայն դա անվտանգ չէ: Խաղաղապահները միայն հանգստությունն ու խաղաղությունը չեն ապահովում, նրանք ապրում են մեզ հետ, մարդկանց էլ հնարավորություն են տալիս հասկանալու, որ կյանքը նորից կսկսի ծաղկել»,- նշել է Ամարասի վանահայր Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը: Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարասի վաղ միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծին շատ մոտ։
Կարծիքներ