Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մեդալակիր

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մեդալակիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ՝ նոյեմբերի 11-ին, ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը. Հայաստանն ունի երեք մեդալակիր:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել է Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Չալյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր:

Մարզական սամբոյի 71 կգ քաշայինների եզրափակչում Արամ Աղաջանյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ռամեդ Գուկևի հետ և 0-3 հաշվով զիջել մրցակցին բավականին լարված գոտեմարտում: Աղաջանյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել ճապոնացի, բելգիացի և FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ:

Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մարտական սամբոյի 64 կգ քաշայինների եզրափակչում Վահրամ Գրիգորյանը զիջել է դարձյալ FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևին և բավարարվել արծաթե մեդալով:

88 կգ քաշային Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ Օլիմշոևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժալամբեկ Ասիմբեկովին և բավարարվել բրոնզե մեդալով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում