Ասադը հայտարարել է, որ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջ է քաշում Անկարան
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հնարավորությունն այն դեպքում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին նա հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան։ Ներկա իրավիճակում նրա (խմբ.՝ Էրդողանի) հետ բանակցություններ սկսելը կնշանակի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում», - ասել է Ասադը:
Ասադը Թուրքիային մեղադրել է 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտությունում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Նրա խոսքով՝ «Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»։
«Այն պետությունները, որոնք փորձել են անիշխանություն ստեղծել Սիրիայում, նաև պատասխանատու են թմրանյութերի առևտրի համար», - ասել է նա։
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադն Անկարային կոչ էր արել վերջ դնել Սիրիայում իր ռազմական ներկայությանը՝ նշելով, որ երկրի հյուսիսային շրջանների շարունակվող բռնազավթման պայմաններում «անհնար է խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։
Կարծիքներ