ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը խաղաղ բանակցությունների հարցում․ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն «Twitter»-ում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին, որպեսզի քննարկեն, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույնս աջակցել այս գործընթացին։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ քննարկումները կառուցողական է որակել:
Կարծիքներ