Ներնետման 3 դեպք «Սևան» ՔԿՀ-ում. ՔԿԾ
2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի քողարկող և հիմնական պատերի միջնամասից հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առկա են եղել բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորիչ և 4 USB լար:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Ժամեր անց՝ 21:40-ի սահմաններում, նույն հիմնարկում տեղի է ունեցել ևս մեկ ներնետման դեպք․ դիտաշտարակների ծառայողների ուղղորդմամբ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, բջջային հեռախոս՝ պատյանով և բաժանորդային քարտով, 1 զույգ անլար ականջակալ, 1 USB լար:
Այնուհետ՝ դեկտեմբերի 13-ին, «Սևան» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է ներնետման երրորդ դեպքը: Ժամը 01:00-ի սահմաններում հիմնարկի ծառայողները դիտաշտարակների միջնամասից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 31,8 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 1,9 գրամ քաշով շագանակագույն, փոշենման զանգված, թմրանյութ հանդիսացող սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ երկու դեղահաբ, 1,9 գրամ քաշով սև, կոշտ զանգված, ինչպես նաև՝ բջջային հեռախոս, USB լիցքավորման լար և 1 զույգ ականջակալ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Կարծիքներ