7 022 անձի վարորդական վկայականի իրավունք կասեցվել է
Տուգանային միավորների համակարգն ամբողջ ծավալով նախատեսվում է ներդնել 2022 թվականի հուլիսի 1-ից:
Այս մասին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը:
«Կարծում ենք, որ ներկայում արդեն իսկ երևում է տուգանային միավորների համակարգի արդյունավետությունը: Վերջին երեք տարվա ընթացքում պակասել են ՃՏՊ-ները՝ 2018 թվականին եղել է 4 111 դեպք, 2019-ին՝ 4 799, իսկ 2020-ին՝ 4 016: Համակարգի ներդրման պահից մինչ այսօր 9 և ավելի տուգանային միավոր ունեցողների քանակը 10 342 է, որոնցից 7022 անձի վարորդական իրավունք արդեն իսկ կասեցվել է: Այդ անձինք կատարել են իրավախախտումներ, և նրանց նկատմամբ կայացվել է կասեցման որոշում»,- նշեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ կայացված որոշումներից 2 298-ը մտել է ուժի մեջ, բայց դեռ իրականացվում է ծանուցման գործընթաց, որն իրականացնելուց հետո վարորդական վկայականների կասեցման որոշումները կստանան օրինական ուժ: ՀՀ-ում գործում է ծանուցման լայն օրենսդրական ինստիտուտ, որն իրականացվում է փուլային ձևաչափով՝ առձեռն, հետագայում փոստով, այդպես չծանուցվելու դեպքում ազդարարելով:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պատիժ է սպասվում այն վարորդներին, որոնց վարորդական վկայականի իրավունքը կասեցվել է, սակայն նրանք շարունակում են մեքենա վարել, Վարդանյանն ընդգծեց, որ անձը կենթարկվի քրեական պատասխանատվության:
«Քրեական օրենսդրությամբ արդեն իսկ քրեականացվել է կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը, այսինքն՝ հետևանքը կլինի այն, որ կսկսվի անձին պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին ունեցել ենք 1 044 անձ, ում նկատմամբ նյութեր են ներկայացվել նախաքննության մարմիններին՝ քրեական գործ հարուցելու համար, քանի որ նրանք տրանսպորտային միջոցը վարել են կասեցված վիճակում»,- ասաց ՃՈ իրավաբանական բաժնի պետը:
Նա նկատեց, սակայն, որ 2021 թվականի առաջին եռամսյակում վիճակն ավելի ծանր է՝ ներկայացված գործերի քանակն արդեն հասել է 766-ի: Դրանցից 141-ն այն գործերն են, երբ քաղաքացինեը համատեղ դիմում են ներկայացրել, որ խախտումը չի կատարվել մեքենայի սեփականատիրոջ, այլ հենց իրենց կողմից:
«Այսինքն, ըստ էության, դիմումներ ներկայացրած անձինք ընդունում են այն փաստը, որ իրենք են վարել տրանսպորտային միջոցը: 2021 թվականին արդեն իսկ գործերի այս քանակը բնական է, քանի որ տուգանային միավորների համակարգը ներդրվել է 2020 թվականին, այդ ժամանակ վարորդներն ավելի զգոն են եղել, բացի դրանից շատ էր խոսվում ԶԼՄ-ներով: Մեզ այս ցուցանիշները դեռ այնքան էլ չեն գոհացնում, որովհետև մենք ցանկանում ենք, որպեսզի դրանք հնարավորինս պակաս լինեն, քանի որ դրա արդյունքում էլ ՃՏՊ-ները կնվազեն»,- ասաց Վարդանյանը և վստահեցրեց, որ տուգանային միավորների համակարգի արդյունավետությունն արդեն իսկ տեսանելի է:
Նրա խոսքով՝ համակարգը որոշակիորեն զսպում է քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ-ում տեղադրված արագաչափ և տեսանկարահանող սարքերի գերակշիռ մասը մայրաքաղաք Երևանում է:
«Կարող ենք ասել, որ բալային համակարգի իրագործման գործընթացի գերակշիռ մասն իրականացվում է միայն Երևան քաղաքի մասով: 180 արագաչափերից միայն 90-ն են տեղադրված Հանրապետության տարբեր հատվածներում, մարզեր տանող ճանապարհներին: Միայն այդ ծավալն է, որն ապահովում է Երևանից դուրս գտնվող բնակավայրերի տուգանային միավորներով վարչական ակտերի կայացման գործընթացը: Արդյունքում նորից պետք է փաստենք, որ, ըստ էության, միայն Երևանի մասով է այս պահի դրությամբ տուգանային համակարգը գործում արդյունավետ»,- ասաց Վարդանյանը:
Նրա կարծիքով, 2022 թվականի հուլիսի 1-ից համակարգի ամբողջությամբ ներդրվելուց հետո այն լրիվ ցույց կտա իր արդյունավետությունը:
Կարծիքներ