ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների միջև հանդիպում կանցկացվի՝ քննարկելու վերջիններիս ակնկալիքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 9-ին ԼՂ-ից բռնի տեղահանված ձեռներեցների հետ հանդիպում կանցկացնի՝ քննարկելու նրանց ակնկալիքները՝ Հայաստանում բիզնեսը վերսկսելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հոկտեմբերի 9-ին ժամը 16։00-ին էկոնոմիկայի նախարարությունում մեր թիմի և ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենների միջև հանդիպում կանցկացվի։ Ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, որոնք դեռևս չեն պլանավորել, անպայման միանան, և մենք առարկայական քննարկում կունենանք, թե ինչպես օգնենք ձեռնարկատերերին, բիզնեսմեններին՝ վերսկսել իրենց բիզնեսը ՀՀ-ում»,- ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ արդեն 40-ից ավելի բիզնեսմեն գրանցվել է:
Քերոբյանն ընդգծեց՝ ակնկալում են հասկանալ ձեռնարկատերերի կարիքները։ Փորձելու են իրենց ծրագրերն այնպես վերախմբագրել, որպեսզի բիզնեսմենները կարողանան արագ ստանալ անհրաժեշտ ռեսուրսները՝ արագ վերականգնելու իրենց բիզնեսը, մանակցելու ՀՀ-ի տնտեսական կյանքին։
Նախարարը նշեց՝ նպատակ ունեն նաև ստեղծել այնպիսի ծրագիր, որը թույլ կտա ամբողջական լուծել 100 հազարից ավել բռնի տեղահանվածների զբաղվածության հարցը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:
Կարծիքներ