Կորոնավիրուսի պատճառով կարող են խանգարվել տարբեր օրգանների արյան մատակարարումը․ բժիշկ
Պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը ներկայացրեց, թե ինչ ընթացք է ունենում կորոնավիրուսային վարակը։
«Վիրուսը ներթափանցում է հիմնականում շնչուղիներով։ Եվ հենց շնչուղիներն են, որոնք հանդիսանում են վիրուսի համար հիմնական թիրախ։ Վիրուսը կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են մեր շնչուղիների մակերեսին, և որոշ դեպքերում նաև կարող են ախտահարվել ստորին շնչուղիները, այսինքն՝ կարող է զարգանալ թոքաբորբ։ Այն անձանց մոտ, որոնց մոտ հիվանդությունը դրսևորվում է, ախատանիշներ են ունենում, 40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է թեթև, 40 տոկոս դեպքերում՝ թոքաբորբով։ Այս պահին մեզ հայտնի գիտելիքներով՝ դա վիրուսային թոքաբորբ է, ինչը բարդացնում է այս վարակի բուժումը։ Մնացած 20 տոկոսից 15 տոկոսը ծանր թոքաբորբերն են, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր ընթացքն է, ինչպիսին է սեպսիսը, սուր շնչառական անբավարարությունը»,- ասաց Սարգսյանցը։
Մասնագետի խոսքով՝ այս վարակն ունի առանձնահատկություն՝ խանգարվում է զանազան օրգանների արյան մատակարարումը, զարգանում են թրոմբներ։ «Դա բերում է մի շարք օրգանների, ոչ միայն թոքերի, կարող են լինել երիկամները, սիրտը, կենտրոնական նյարդային համակարգը, խանգարվում է դրանց արյան մատակարարումը, այսինքն՝ զարգանում են ինսուլտներ։ Ծանր թոքաբորբը, որը 15 տոկոս դեպքերում է զարգանում, բնորոշվում է նրանով, որ տեղի է ունենում թթվածնային քաղց։ Եվ այդ հիվանդներին ուղղակի խիստ անհրաժեշտ է թթվածին։ Ուղերձս հետևյակն է՝ խստագույնս հետևել կանոններին, վստահել ձեր բժիշկներին։ Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, լսեք ձեր բժիշկներին։ Մենք պետք է գիտակցենք բոլորս, որ սա վարակային հիվանդություն է, սա հանրային առողջության հարց է։ Եթե որևէ առանձին անձ մտահոգված չէ իր սեփական առողջությամբ, պետք է մտահոգված լինի հանրային առողջության հարցերով»,- ասաց բժիշկը։
Կարծիքներ