Իշխանությունները հետևողական են լինելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում. Ռուբեն Ռուբինյան

Իշխանությունները հետևողական են լինելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները:

Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները դատապարտող բանաձևերի ընդունման համար:

Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում:

Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում