Ֆրանսիայում թմրավաճառների միջև փոխհրաձգության ժամանակ երեխա է սպանվել
Ֆրանսիայի Նիմ քաղաքում փոխհրաձգության ժամանակ 10-ամյա երեխա է զոհվել։ Փոխհրաձգությունը, ենթադրաբար, տեղի է ունեցել թմրավաճառների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում:
«Տասը տարեկան երեխա է սպանվել Նիմում, ըստ երևույթին, թմրավաճառների միջև հաշվեհարդարի ժամանակ: Սա մեծ ողբերգություն է, որն անպատիժ չի մնա»,- գրել է նախարարը։
ՆԳ նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ թմրավաճառներ են ձերբակալվել։ Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունը կուժեղացնի իր ներկայությունը՝ երկրում թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում։
Ավելի վաղ Դարմանենը հայտնել էր, որ Մարսել է ուղարկել հանրապետական անվտանգության ութերորդ վաշտը (CRS 8) թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի գործում նպատակաուղղված գործողություններ անցկացնելու համար։
Կարծիքներ