Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկները մեդալներն են նվաճել
Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ է նվաճել:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:
Հայաստանի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Արշավիր Գրիգորյանը, ամփոփելով հայ բռնցքամարտիկների ելույթները, նշել է, որ գրանցած արդյունքները գոհացնող են. «Մեդալակիր բռնցքամարտիկները դեռ շատ երիտասարդ են և խոստումնալից: Համոզված եմ՝ հետագայում նրանց մեդալների գույնը փոխվելու է: Օրինակ՝ Դավիթ Սիմոնյանից սպասելիքները շատ մեծ են. վստահ եմ՝ նա ապագայում կդառնա Եվրոպայի չեմպիոն և կգրանցի այլ նվաճումներ ևս: Բոլորի համար այս խաղերը շատ մեծ փորձ էին. օրինակ՝ մեդալակիրներից Հայկ Թադևոսյանն առաջին անգամ է մասնակցում նման խոշոր մրցաշարի: Խաղերին մասնակցության և ձեռք բերած փորձառության համար շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային»:
Հավելենք՝ նախատեսվում է, որ սեպտեմբերի 7-ից հայ մարզիկների ելույթներին մրցավայրից կհետևեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Կարծիքներ