Խստորեն դատապարտում ենք Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որով խստորեն դատապարտում է Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։
«Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը:
Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը:
Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատվում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,-ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Կարծիքներ