Վրաստանում AstraZeneca կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակով կպատվաստվեն բուժաշխատողները
AstraZeneca ընկերության արտադրած կորոնավիրուսաի պատվաստանյութի առաջին 43,2 հազար խմբաքանակն այսօր հասել է Վրաստան: Պատվաստումները կսկսվեն մարտի 15-ից, ասել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
«Այսօր մենք ունենք 43.200 պատվաստանյութ, որոնք, ըստ Վրաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի, նախատեսված են բժշկական անձնակազմի համար: Մինչ օրս տվյալների բազայում գրանցված է 64 051 մարդ, որից պատվաստման ենթակա են 54 000-ը»,- ասել է Տիկարաձեն:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ պատվաստումները կսկսվեն երկուշաբթի օրվանից Թբիլիսիում և բոլոր մարզային կենտրոններում, որոնք ունեն մեծ փորձ իմունիզացիայի ոլորտում:
«Բոլոր պատվաստվածներին կտրամադրվի հաստատող վկայագիր այն մասին, որ նա որոշակի օրը պատվաստվել է այս կամ այն պատվաստանյութով: Դա կլինի վկայագիր երկու լեզուներով` բժշկական հաստատության կնիքով»,- ասել է Գամկրելիձեն:
Կարծիքներ