Լանջիկում մեծ շուքով նշվեց Համբարձման տոնը
Քրիստոսի Հարության 40-րդ օրն ինչպես Հայ առաքելական, այնպես էլ Կաթողիկե եկեղեցին մեծ շուքով նշում է Համբարձման տոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնի եկեղեցական խորհուրդն ու ազգային ավանդույթները երիտասարդներին փոխանցելու նպատակով «Հայկական Կարիտաս»-ի «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում, Լանջիկի ծխական երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ, մայիսի 20-ին Լանջիկում նշվեց Համբարձման տոնը: Տոնին մասնակից եղան մարզի 12 կաթողիկե համայնք ունեցող բնակավայրերը:
«Համայնքում փորձում ենք պարտադիր նշել բոլոր եկեղեցական ու ժողովրդական տոները՝ երիտասարդներին փոխանցելով այն, ինչ եկել է մեզ մեր տատիկներից: Այս անգամ ոչ միայն մեր գյուղն է նշում տոնը, այլ նաև մեզ են միացել կաթողիկե համայնք ունեցող մյուս գյուղերի երիտասարդները»,- «Արմենպրեսին» պատմեց Լանջիկի Տիկնանց միության նախագահ Սուսաննա Պողոսյանը:
Մինչ բուն տոնակատարությունը, երիտասարդները սարերից Համբարձման ծաղիկ էին հավաքել ու պսակներ հյուսել, պատրաստել Համբարձման տիկնիկ:
Տոնակատարությունը սկսվեց Սուրբ պատարագով՝ ձեռամբ Տ. Նարեկ քահանա Թադևոսյանի, որից հետո, 7 աղբյուրից ջուր հավաքելով Համբարձման տոնի մասնակիցները շտապեցին Վիճակի տոնահանդեսին: Համբարձման տոնին կատարվող «Վիճակ-ջանգյուլումը» ամենասիրված և ուրախ հանդիսավորությամբ կատարվող տոնախմբությունն էր: Դեռատի աղջիկները Համբարձմանը նախընթաց՝ վաղ առավոտյան, լուռումունջ գնացել էին դաշտերը և կճուճի մեջ լցրել յոթ աղբյուրի ջուր, յոթական քար, ծաղկի թերթեր: Յոթ ծաղկից փնջեր էին կապել, պսակներ հյուսել և վիճակ գցել, թե ում ինչ բախտ է սպասում: Նրանց հետապնդող տղաները փորձում էին խոսեցնելով, կատակներով գողանալ կուժը:
Համբարձման հարսը, գեղեցիկ զգեստ հագած, կճուճից հանում էր որևէ նշան: Խումբն այդ պահին մի քառատող էր երգում, որի բովանդակությունից էր կանխորոշվում էր նշանի տիրոջ «վիճակը» կամ բախտը: Վիճակահանություն ընթացքում պարզում էին, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Ավանդույթի համաձայն, երիտասարդները տնետուն շրջեցին, ծաղկեփնջեր նվիրեցին ու ծաղիկը երգելով գովերգեցին։
Օրվա խորհրդով՝ երիտասարդները նաև պատրաստել էին հյուրասիրություն՝ ցուցադրելով տեղի ավանդական ուտեստները: Չնայած անձրևին ու ցուրտ եղանակին, Լանջիկի երիտասարդները ջերմ հյուրընկալությամբ դիմավորեցին բոլոր հյուրերին՝ վստահեցնելով, որ այսուհետ պահպանելու են բոլոր ավանդույթներն ու տոները, որոնք ոչ միայն եկեղեցական են, այլ նաև ազգային՝ սիրուն, խորհրդանշական ու հետաքրքիր:
Կարծիքներ