Կան պատճառներ, որոնց մասին խոսելը նպատակահարմար չէ. «Սևանի» հայտարարությունը՝ Շահգելդյանի հեռանալու մասին
«Սևան» ֆուտբոլայի ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը, ինչպես արդեն հայտնել ենք՝ չի շարունակի աշխատանքը թիմում։ Ակումբի մամուլի քարտուղարությունը կապված երկրպագուների դժգոհությունների հետ հայտարարությամբ է հանդես եկել․
«Սևան» ակումբի ղեկավարությունը, նախ շնորհակալություն է հայտնում երկրպագուներին ակումբի նկատմամբ մեծ ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերելու համար։ Իսկ ինչ վերաբերում է գլխավոր մարզչի հեռանալուն, հավաստիացնում ենք, որ այս դժվար որոշումը կայացվել է ոչ թե «Ուրարտու» – «Սևան» խաղի արդյունքից ելնելով, այլ պարզապես որոշումը համընկել է խաղի հետ։
Կան պատճառներ, որոնց մասին խոսելը համացանցում ընդհանրապես նպատակահարմար չենք համարում, քանի որ դա մեր ակումբի ներքին խոհանոցն է։ Մենք շնորհակալություն ենք հայտնել Արմեն Շահգելդյանին իր կատարած աշխատանքի համար, և դա անկեղծ իրողություն է։ Ֆուտբոլում մարզչական աշխատանքը երբեք հավերժ չի եղել և մենք այդ առումով բացառություն չենք։ Պարզապես մենք ունենք նպատակ ու դրան հասնելու համար որոշումներ ենք կայացնում ապագայում ավելի շատ հաղթանակներ տոնելու համար։
Քաջ գիտակցում ենք, որ սպորտում, և մասնավորապես ֆուտբոլում հաղթանակն ու պարտությունը «իրար կողք կանգնած են»։ Հավաստիացնում ենք, որ «Սևանը» հեռու գնացող նպատակներ ունի, և ամեն ինչ անելու է Պրեմիեր լիգայում թիմի հաջողությունները ապահովելու համար։ Ստացվեց այնպես, որ առաջիկա ճանապարհը մենք կանցնենք առանց Արմեն Շահգելդյանի, բայց թող ոչ ոք չկասկածի որ մենք անցնելու ենք այդ ճանապարհը։
Հիմա մենք զբաղված ենք նոր գլխավոր մարզչի ընտրությամբ։ Քննարկում ենք տարբեր թեկնածություններ։ Ու մեր նոր գլխավոր մարզիչը լինելու է մեր նոր հաղթանակները կերտող մարզիչ։
Մենք իզուր չենք, գրում որ մեզ բավարարում է միայն հաղթանակը։ Սա է մեր ցանկությունը, որով մենք ուրախացնելու ենք մեր երկրպագուներին։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, որոնք հետաքրքրված են «Սևանի» ճակատագրով։ Ամեն ինչ արվելու է թիմը նոր խաղային մակարդակի հասցնելու համար։ Մարդիկ կարող են, փոխվել, նպատակները ոչ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ