Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Բջնի համայնք: Այցի շրջանակում Կոտայքի մարզպետարանի, Բջնիի համայնքապետարանի աշխատակիցների և ոլորտի մասնագետի՝ որմնանկար վերականգնող Արեգ Պետրոսյանի հետ լուծումներ առաջարկելու նպատակով քննարկվել են համայնքի նախկին մշակույթի տանը գտնվող Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության (ամրակայման և վերականգնման), հնարավոր տեղափոխման հարցերը:
ՀՀ անկախացումից հետո Բջնիի մշակույթի տունը տարիների ընթացքում խարխլվել է և մասամբ փլուզվել, ինչի արդյունքում որմնանկարը ևս վտանգված է։ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, նախաձեռնել է իրականացնել հուշարձանի փրկարարական՝ ամրակայման ու վերականգնման աշխատանքներ։
Մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբը քննարկել է որմնանկարի պահպանության երկու հիմնական տարբերակ՝ այն տեղում ամրակայել և վերականգնել կամ տեղափոխել համապատասխան այլ վայր:
Համաձայն առաջին տարբերակի՝ Կոտայքի մարզպետարանի միջոցներով պետք է իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական (սեյսմիկ, կոնստրուկտորական, ճարտարապետական) ուսումնասիրությունը՝ դիտարկելու շենքի հիմնանորոգման հնարավորությունը: Այս համատեքստում առաջնային են համարվել շինության ճակատային մասի հարթաքանդակների, ծավալատարածական ու ճարտարապետական լուծումների և որմնանկարը անխաթար պահպանելու հանգամանքները:
Կողմերը փաստել են, որ հիմնանորոգումը երկուստեք շահավետ կլինի թե՛ որմնանկարի, թե՛ գյուղի ենթակառուցվածքների զարգացման առումով:
Երկրորդ տարբերակը դիտարկելու դեպքում որմնանկարի տեղափոխման վայր կնախատեսվի Չարենցավան քաղաքի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոտայքի մարզպետարանի հետ իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական ուսումնասիրությունը, որից հետո հնարավոր կլինի քննարկել տեղում որմնանկարի փրկման (ամրակայման և վերականգնման) հետագա գործընթացը:
Առաջին տարբերակի անհնարինության դեպքում որմնանկարը կտեղափոխվի նախանշած վայր:
Հիշեցնենք, որ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» (1975 թ․) որմնանկարը 2018 թ. Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան։
Կարծիքներ