Բանկի ավանդատուի գումարները խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ավանդատուի՝ առանձնապես խոշոր չափերով գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ դեռևս 2015 թ. հոկտեմբերին հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, որի շարջանակներում որպես մեղադրյալ էր ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ 2016 թ. փետրվար ամսին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու և քննությունից թաքնվելու հիմքով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական մեծածավալ գործողությունների արդյունքում 2021 թ. մեղադրյալը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը, 2013-2015 թթ. աշխատելով բանկերից մեկի Էջմիածնի մասնաճյուղում որպես ֆինանսական խորհրդատու, խարդախությամբ հափշտակել է համաքաղաքացու կողմից բանկի մասնաճյուղում որպես ավանդ ներդրված գումար:
Մասնավորապես՝ ավանդատուն 2010 թ. սեպտեմբերին նշված մասնաճյուղում մեկ տարի ժամկետով ներդրել է 50.000 եվրո գումարի չափով ավանդ, որից հետո բացակայել է հանրապետությունից և 2011 թ. սեպտեմբերին բանկ չի ներկայացել: Բանկի աշխատակիցը, օգտվելով այդ հանգամանքից, որոշել է հափշտակել քաղաքացու ավանդի գումարը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միայնակ չի կարող հասնել իր նպատակին՝ բանկի աշխատակիցը, գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, մշակել և իրականացրել է խաբեության եղանակով նշված ավանդը հափշտակելու ծրագիր:
Այսպես, ավանդատուի բացակայության պայմաններում վերակնքել է ավանդի պայմանագիրը, որից հետո՝ 2014 թ. սեպտեմբերին՝ ավանդի հերթական մարման օրը, ավանդը չի երկարաձգել, այլ մարել է երկու կեսով. 29.588.99 եվրո գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, իսկ 30.000 եվրո գումարը՝ հաճախորդի արտարժութային հաշվին:
Այնուհետև հաճախորդի անունից ներկայացրել է կեղծ բովանդակությամբ դիմում, որով իբր խնդրել է վերաթողարկել բանկային քարտը՝ այդ կերպ ստանալով և տնօրինելով այն, իսկ որոշ ժամանակ անց՝ 2015 թ. մարտին՝ մինչև պայմանագրային ժամկետի ավարտը, իրականացրել է ավանդի խզում և ավանդի գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, որից հետո խաբեության եղանակով ՀՀ-ում գործող տարբեր բանկոմատներից կանխիկացրել և հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 63.874 եվրո գումար և արտասահմանում հարազատի բուժման հարցերով զբաղվելու կեղծ պատրվակով աշխատանքից ազատվել է ու դիմել փախուստի՝ լքելով ՀՀ սահմանները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բանկի աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը:
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ